ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի՞ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-12

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի՞ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-12
05.12.2023 | 09:24

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

(սկիզբը՝ այստեղ)

Մեկ շաբաթ տևած զինադադարից հետո Իսրայելը մեծ թափով վերսկսել է ՀԱՄԱՍ-ի, նաև, ըստ էության, Պաղեստինյան ինքնավարության դեմ պատերազմը: Ինչպես տեղեկացրել է Կատարի «Al Jazeera» հեռուստաալիքը, Իսրայելի բանակը գրոհում է Պաղեստինյան քաղաքները Հորդանան գետի արևմտյան ափին: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում Ջենինում, Կալկիլիայում, Հեբրոնում, Ջաֆնա բնակավայրում և փախստականների Ջալազուն ճամբարում:

Լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնել է Կալկիլայում Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի և պաղեստինյան դիմադրության ջոկատների միջև բախումների մասին, որոնք գրոհում են «օկուպացիոն (իսրայելական) ռազմական տեխնիկան ինքնաշեն պայթուցիկ սարքերով» և փոխհրաձգության մեջ են մտնում զինծառայողների հետ:

Ավելի վաղ, ТАСС- ի փոխանցմամբ, Իսրայելը հայտնել էր Գազայի հարավային հատվածում ակտիվ մարտական գործողությունների անցնելու մասին:

Զինադադարի ավարտից հետո միայն Գազայի հատվածում արդեն հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Դարձյալ միայն Գազայի հատվածում, պատերազմի սկզբից ի վեր, դեկտեմբերի սկզբի դրությամբ, հրեական պետության ցեղասպանական քաղաքականության արդյունքում, արդեն 5300 երեխա էր զոհվել :

Իսրայելի հանցավոր քաղաքականությանը լայնորեն աջակցում է ԱՄՆ- ը, Իրանի ղեկավարության բնորոշմամբ, մեծ շեյթանը (սատանան)՝ նրան մատակարարելով մոտ 15 հազար ռումբ, այդ թվում՝ հակաբունկերային ռումբեր և 100 հակատանկային Blu-109 ռումբ, 57 000 հրետանային արկ և այլ զինատեսակներ:

Իսրայելի կառավարությունը, РБК- ի փոխանցմամբ, խնդիր է դրել բացահայտել և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին, որտեղ էլ նրանք գտնվեն, և եթե դրա համար նույնիսկ տարիներ պահանջվեն:

Ըստ «Wall Street Journal»- ի տվյալների, «Իսրայելը պաղեստինցի գրոհայիններին ոչնչացնելու ծրագիր է պատրաստում, այդ թվում՝ այն երկրներում, որոնք երկար տարիներ նրանց «որոշակի պաշտպանություն» են տրամադրել, այդ թվում ՝ Կատարում, Լիբանանում, Իրանում, Ռուսաստանում և Թուրքիայում»: Իսրայելի կամ «Մոսադի» կարողությունները, անշուշտ, չի կարելի թերագնահատել, բայց սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ սրիկաներն իրենց գլխից վեր են թռնում… Լիբանանում, Կատարում կարող են, բայց թող իրենց բախտը փորձեն և իրենց քիթը խոթեն Իրան և, հատկապես, Ռուսաստան, եթե այնտեղ իսկապես կան կամ առաջիկայում կլինեն պաղեստինցի գրոհայիններ:

Ինչպես գրել է «Financial Times»- ը՝ հղում կատարելով նախապատրաստման ընթացքին ծանոթ աղբյուրներին, Իսրայելը ծրագրում է բազմափուլ արշավ ընդդեմ ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման, որը կտևի առնվազն մեկ տարի, ցամաքային հարձակման առավել ինտենսիվ փուլը սպասվում է հաջորդ տարվա սկզբին : Թերևս ավելորդ է գրել, որ առավել վտանգավորը հենց այս ժամանակաշրջանն է, քանի որ (հունվարին կամ 2024 թ. առաջին երեք ամսում) լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորումն այդ ժամանակ ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի հիմնական մասի ոչնչացում թույլ չտալու համար կարող է Իսրայելին զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել:

Իսրայելի վարչապետն արդեն իսկ սպառնացել է, որ լիբանանա-իսրայելական սահմանին «Հըզբոլահ» խմբավորման կողմից իրավիճակի հնարավոր սրումը կարող է հանգեցնել Լիբանանի ոչնչացմանը:

«Մենք կվերականգնենք անվտանգությունը հյուսիսում և հարավում, եթե «Հըզբոլահը» սխալ թույլ տա և լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնի, ապա իր ձեռքերով կոչնչացնի Լիբանանը»,- ТАСС- ի տեղեկացմամբ , նախազգուշացրել է Նաթանյահուն:

Իսրայելի և «Հըզբոլահ»-ի միջև լայնածավալ պատերազմի դեպքում, ըստ փորձագետների և վերլուծաբանների, մեծ է Իսրայելի կողմից պատերազմում Իրանին ներքաշելու վտանգը: Հրեական պետության, մեղմ ասած, լկտի պահվածքը պայմանավորված է, մասնավորապես, միջուկային զենք ունենալու հանգամանքով, ինչն Իրանին թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական, թե անվտանգային առումներով թույլ է տալիս նույնաբնույթ զենք ունենալու:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ